ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց ավարտական փուլի մանրամասներն ու ժամկետները:
Հիմնական աշխատանքներն ավարտված են, մնացել են միայն ջրամբարի միջուկի կավային աշխատանքները, որոնց իրականացումը պայմանավորված է բարենպաստ եղանակով, քանի որ խոնավ եղանակը հնարավորություն չի տալիս դրանք ավարտել:
Ա. Գեւորգյանը հետագա անվտանգ շահագործման առումով կարեւորեց համապատասխան տեխնիկաինժեներական նորմերի ապահովումը: Նա վստահություն հայտնեց, որ ջրամբարի գործարկումը կբարձրացնի տարածաշրջանում ոռոգման համակարգի արդյունավետությունը:
Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակումջրամբարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք: Այն հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել ոռոգման նպատակով ջրառը, այդ թվում` Սեւանա լճից, բացի այդ, կարեւոր նշանակություն կունենա գարնանային վարարումների կանխարգելման համար:





