AM
7 Հունիս 2011 - 10:08 AMT

Հայազն Երիտասարդական Միաբանությունը փորձում է Facebook-ի միջոցով լուծել Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը

Հայազն Երիտասարդական Միաբանությունը սկսել է ստորագրահավաք Facebook-ում «Սարդարապատ» շարժման հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: Ստորագրահավաքը FB-ում կազմակերպված է որպես միջոցառում, որի այցելուները կարող են իրենց ստորագրությունները հետագայում թողնել գրավոր: Միաբանության անդամաները մասնավորապես նշում են. «Մենք` ներքոստորագրյալներս, բարձր ենք գնահատում Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար,մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի դերը մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման,մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում և խնդրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հաշվի առնելով մեր կարծիքը,Սեֆիլյանին տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հայազն Երիտասարդների Միաբանությունը Արցախի հերոսի ծննդյան 44-րդ տարեդարձի նախօրեին կազմակերպում է ստորագրահավաք,որի ընթացքում հավաքված ստորագրությունները կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Facebook-ում ստորագրողների ստորագրությունները թղթի վրա անցկացնելու համար կկազմակերպվեն մի քանի հավաքներ»:

Ժիրայր Սեֆիլյանը հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը։

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը։ 1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։

1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում։

Մանակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորմանը, պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով։ ՀՀ բանակի փոխգնդապետ է։

Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին։ 2001-ից գլխավորում է «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին։

2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է, բանտարկվել. միջազգային փորձագետները գտնում են, որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ։ Մի շարք հայ մտավորականներ (ակադ. Ռաֆայել Ղազարյան, Մետաքսե, ևն) և կազմակերպություններ պահանջում են Սեֆիլյանի և նրա մարտընկերների ազատ արձակումը. «Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը», – այսպես է բնութագրում Ժիրայրին Ցվետանա Պասկալևան։

2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել` պատժաժամկետը ավարտվելուց հետո: 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց Միացում ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը` Սարդարապատ շարժումը: