Հունիսի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Կոնգրեսի նախագահը ներկայացրել է ՀԱԿ-ի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ, շեշտելով որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև երկրում առկա համատարած կոռուպցիային, դատարանների անկախության բացակայությանն ու ազատ խոսքի, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա սահմանափակումներին, դրանց լուծումն ու հաղթահարումը դիտելով Հայաստանի ժողովրդավարացման որոշիչ նախապայման:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին և Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:





