ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը և ՀՀ ճարտարապետության ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը արժանացել են «Թորոս Թորամանյան» մեդալին հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ նշանակալի ավանդ ունենալու համար: Երկու մասնագետները հանդես եկան շնորհակալական խոսքով, կարևորելով մրցանակը որպես երկար տարիների աշխատանքի գնահատական և խթան, հետագա ծրագրերի իրականացման համար:
«Թորոս Թորամանյան» մեդալը հանձնվում էր ԳԱԱ-ի կողմից խորհրդային տարիներին 6 տարին մեկ անգամ: Մինչև Հայաստանի անկախացումը մեդալներ են հանձնվել ճարտարապետներ Նիկոլայ Տոկարսկուն, Վարազդատ Հարությունյանին, Հովհաննես Խալպախչյանին, Ալեքսանդր Սահինյանին, ինչպես նաև իտալացիներ Ադրիանո Նովելլոյին և Պաուլո Կունեոյին: Խորհրդային համակարգի փլուզումից հետո ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն այս տարի առաջին անգամ հանդես եկավ մեդալի հանձնման վերականգնման վերաբերյալ դիմումով, որից հետո վերամշակվեց կանոնադրությունը: Հանձնաժողովի անդամներ դարձան ՀՀ ճարտարապետության թանգարանի տնօրեն Մկրտիչ Մինասյանը, հնագետ Հակոբ Սիմոնյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Երկու գիտնականներն էլ երկար տարիների ընթացքում մեծ ավանդ են ունեցել հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրման գործում: Նրանք հրատարակել են բազմաթիվ գրքեր, գիտական հոդվածներ և մենագրություններ:





