AM
20 Հունիս 2011 - 13:37 AMT

ԵԱՀԿ-ն առաջարկում է միջազգային մակարդակի նոր կալանավայրեր կառուցել Հայաստանում

Հայաստանի ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերը /ՁՊՎ/ ազգային օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ջանքերը առաջ են ընթանում, սակայն ազգային օրենսդրական դաշտի և պրակտիկայի հետագա բարելավման անհրաժեշտություն կա` ըստ ԵԱՀԿ աջակցությամբ այսօր հրապարակված զեկույցի:

Զեկույցը ներկայացնում է ոստիկանական ՁՊՎ-ներում 2010 թ. հասարարական մոնիտորինգի արդյունքները` իրականացված դիտորդական խմբի կողմից` ստեղծված ՀՀ ոստիկանության պետի 2006 թ. հրամանով: Զեկույցը գնահատում է պահման և սանիտարական պայմանները, բժշկական ծառայությունները և արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրականացման հնարավորությունը:

«Պետական համակարգի հասարակական մոնիտորինգը երաշխավորում է ավելի բարձր թափանցիկություն և հաշվետվողականություն», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը: «Մենք ողջունում ենք ոստիկանության և քաղաքացիական հասարակության շարունակական համագործակցությունը դիտորդական խմբի գործունեության միջոցով և հավատացած ենք, որ զեկույցում ամփոփված առաջարկությունները կծառայեն որպես տեղեկատվության աղբյուր և կոգևորեն կառավարությանը` համակարգը բարելավելու ջանքերում»:

Տասը հասարակական կազմակերպություն ներկայացնող խումբը ուրվագծեց խնդիրները և նշեց որոշ բարելավումներ, ինչպես, օրինակ` ոստիկանության որոշ ՁՊՎ-ների վերանորոգման և ջեռուցման աշխատանքներում: Այն նաև առաջարկեց անդրադառնալ այնպիսի խնդիրների, ինչպիք են կադրերի պակասը, ինչը կարող է հանգեցնել ձերբակալված անձանց իրավունքների խախտման: Տեղերում բուժաշխատողների բացակայությունը, անբավարար սնունդը և վիճակը` խոնավության, օդափոխության և լուսավորության առումով, նույնպես ներկայացված խնդիրների շարքում էին:.

Բացի այդ` խումբը խորհուրդ է տալիս ներկայիս երեսուներեք ՁՊՎ-ների փոխարեն տասներեք նորակառույց ՁՊՎ-ներ կառուցել` միջազգային չափորոշիչներին համապատասխան:

ՀՀ ոստիկանությունից, Ազգային ժողովից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` նշանակված որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության (OPCAT) շրջանակներում ներկայացուցիչները քննարկեցին զեկույցի եզրակացությունները:

Զեկույցը պատրաստվել և հրատարակվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության աջակցությամբ: