«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի «Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում» ենթածրագրի շրջանակում այսօր Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) եւ Ջուր մատակարարող գործակալություններին (ՋՄԳ) տրամադրվեցին էքսկավատոր-ամբարձիչներ:
Տեխնիկայի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը, «ՀՄՀ –Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՋՕԸ-երի եւ ՋՄԳ-ների ներկայացուցիչներ:
JCB 3CX տեսակի 19 էքսկավատոր-ամբարձիչները հանձնվեցին 16 ՋՕԸ-երի եւ 3 ՋՄԳ-երի: Վերջիններիս կողմից ստորագրվեցին նվիրաբերության պայմանագրեր: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ տեխնիկա կտրամադրվի 35 ՋՕԸ-ի: Առաջիկայում կստացվի տեխնիկայի երկրորդ խմբաքանակը: Էքսկավատոր-ամբարձիչները կծառայեն ոռոգման եւ դրենաժային համակարգերի շահագործմանն ու պահպանմանը:
«ՀՄՀ –Հայաստան»-ի «Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում» ենթածրագրով, բացի ՋՕԸ-երի տեխնիկական վերազինումից, իրականացվել է ՋՕԸ-երի եւ ՋՄԳ-ների կառավարման բարելավման պլանների մշակում, համակարգչային մի շարք ծրագրերի (ինչպիսիք են Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի եւ հաշվապահական ծրագրերը) ներդրում, ոռոգման ոլորտի բարեփոխումներին ուղղված փաստաթղթերի մշակում եւ այլն:
Փոխվարչապետը ոռոգման համակարգի զարգացման համար նշանակալից համարեց «ՀՄՀ –Հայաստան»-ի կողմից իրականացվող թե’ ենթակառուցվածքների վերականգնման եւ թե’ ՋՕԸ-երի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը: Նա ընդգծեց, որ դրանց իրականացումը հնարավորություն է տվել համակարգը նոր մակարդակի հասցնել, ընդ որում` ֆիզիկական վիճակի բարելավումից, տեխնիկայով վերազինումից բացի, տրամադրվել է խորհրդատվական աջակցություն, մշակվել են ռազմավարական փաստաթղթեր, որոնք ուղղված են համակարգի հետագա զարգացման ապահովմանը:
Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ տեխնիկապես հզորացումը նաեւ հնարավորություն կստեղծի ՋՕԸ-երի համար առավել արդյունավետ իրականացնելու իրենց առջեւ դրված խնդիրները:





