AM
6 Հուլիս 2011 - 10:50 AMT

Նիդերլանդներում հայազգի երեխաների կրթությունը միասնական ծրագրով են մատուցելու

Հուլիսի 3-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Կրթական հարթակը հիմնվել է Ալմելոյի, Նայմխենի և Ասենի կիրակնօրյա դպրոցների նախաձեռնությամբ` հայազգի երեխաների կրթությունն ավելի բարձր որակով կազմակերպելու և միասնական ծրագրով իրականացնելու նպատակով:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ԱԳՆ մամլո ծառայությունից, դեսպան Աղաջանյանը ողջունեց հոլանդահայ դպրոցների միջև միասնական հարթակի հիմնումը, որը կօգնի փորձի փոխանակման, կրթական ծրագրերի համադրման ու բարելավման միջոցով առավել որակյալ կրթություն ապահովելու հայազգի աշակերտների համար: Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ հայի ինքնությունը ձևավորելու գործում կրթությունը մշտապես իր անուրանալի դերն է ունեցել, իսկ օտար ափերում`դարձել ինքնության պահպանման ամենահզոր միջոցը:

Դեսպան Աղաջանյանը հույս հայտնեց, որ Հոլանդիայի մյուս համայնքներում ձևավորվող դպրոցները ևս մոտ ապագայում կմիավորվեն «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» ներքո:

Միջոցառմանը գեղարվեստական համարներով հանդես եկան Ալմելոյի, Նայմխենի և Ասենի դպրոցների սաները և նորաստեղծ «Զարթոնք» պարային համույթը: