AM
9 Հուլիս 2011 - 07:06 AMT

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվեց գիտատեխնիկական ոլորտում համագործակցության ծրագիր

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով հուլիսի 6-ից 8-ը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում։

Պաշտոնական այցի առաջին օրը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից կազմակերպվել է ընդունելություն Սանկտ Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչների, գործարար շրջանակների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հիմնական ուղղությունները, ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է հատկապես Երևանում բարենպաստ և հարմարավետ ներդրումային դաշտի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հուլիսի 7-ին կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Ընդգծելով կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ գործնական այս հանդիպումը նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

Ողջունելով հայկական կողմին, Վալենտինա Մատվիենկոն էլ իր հերթին վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, և երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է: Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագիր: ,-նշել է Երևանի քաղաքապետը: Քառամյա ծրագիրը, որն ուղենշում է կոնկրետ ուղղություններ, նախատեսում է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև իրականացնել փորձի փոխանակման և ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում: Մասնավորապես աշխատանքներ կտարվեն առևտրատնտեսական ոլորտում կլոր սեղանների կազմակերպման, Սանկտ Պետերբուրգում և Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման, քաղաքային կառավարման և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, ռազմավարական պլանավորման և սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ստորագրված ծրագրի համաձայն, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև աշխատանքներ իրականացնել Սանկտ Պետերբուրգում առևտրի տան հիմնման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Երևանում հյուրանոցների կառուցման մասով: Երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը:

Ծրագիրը, ինչպես նշել են կողմերը կնպաստի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ամրապնդմանը. ,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետին է վերապահվել նաև Պետրոպավլովյան ամրոցից կեսօրն ազդարարող թնդանոթային համազարկի իրականացումը: Սա մի ավանդույթ է, որը սկիզբ է առել դեռևս Պետրոս առաջինի ժամանակաշրջանից, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: