AM
20 Հուլիս 2011 - 12:34 AMT

Սերժ Սարգսյան. Հայ հասարակությանը պետք է ավելի լավ իրազեկել միգրացիոն հոսքերի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը նախ ուշադրություն է հրավիրել ոլորտի խնդիրների հանրային ներկայացման կարևորության վրա:

«Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը` իբրև թարմ օրինակ նշելով, որ հունվար-ապրիլ ամիսների ուղևորափոխադրման ցուցանիշների հրապարակումից հետո «Հայաստանը չորս ամսում լքել է 45 հազար մարդ» արտահայտությունն ուղղակի դարձավ առանձին շրջանակների լոզունգը, որը սև գույներով լիուլի շահարկվեց:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ շատ ուշադիր հետևել է այս հարցի շուրջ ծավալված հանրային բանավեճին և կարծում է, որ ո՛չ մեր փորձագետները, ո՛չ համապատասխան կառույցների ղեկավարները չկարողացան կամ չփորձեցին իրենց հրապարակային խոսքով ազդեցիկ կերպով բացատրել ու հորդորել մեր քաղաքական գործիչներին` որևէ ցուցանիշ թմբկահարելուց առաջ ավելի համակողմանի ներկայացնել պատկերն ու հիմնվել օբյեկտիվ միտումների վրա:

«Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների և Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում` Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա եթե որևէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի և Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների` տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա: Չեմ կարծում, թե այն ժամանակ որևէ մեկը կանգնելու է և ասելու. «կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: