AM
20 Հուլիս 2011 - 12:38 AMT

Կառավարությունում շարունակվում է պետկառավարման մարմինների հաշվետվությունների քննարկումը

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:

Իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության ղեկավարներն ու ֆինանսների նախարարը:

Մասնավորապես, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը զեկուցել համայնքային բյուջեների եկամտային մասի ավելացման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մոնիտորինգի իրականացման, ինչպես նաև ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացման հարցերի վերաբերյալ:

Քննարկվել է նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջնահերթ ծրագրերի կատարողականը, որոնց թվում են հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավումը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովումը, կայուն և հուսալի ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը:

Իր ղեկավարած գերատեսչության գերակա խնդիրների կատարողականի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Դրանք են` պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակումը:

Հաջորդիվ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների և աշխատանքների ֆինանսական կատարողականներին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: