Հուլիսի 12-17-ը «Գյուղատնտեսական ասոցիացիանների ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախագահ Վարդան Համբարձումյանը և «Գործատուների միության» գյուղատնտեսական ճյուղի նախագահ Վլադիմիր Գալստյանը, գործարար այցով գտնվել են Հնդկաստանում`, հնդկական կողմին ՀՀ-ում արտադրվող, վերամշակված գյուղատնտեսական մթերքները` պահածոներ, մուրաբաներ, հյութեր, մրգային օղիներ, գինիններ, կոնյակ, չիր, քաղցրավենիք, ներկայացնելու նպատակով: Ներկայացվել է 15 կազմակերպությունների արտադրանք և տարվել են նմուշներ շուրջ 8 կազմակերպություններից` Արցախ Ֆրութ, Մանչո Գրուպ, Ստեփանակերտի կոնյակի գործարան, «Լևոն» ՍՊԸ, «Չիր» ՍՊԸ, Պռոշյանի Կոնյակի գործարան, «ԱՐՏՖՈՒԴ» Արտաշատի պահածոների գործարան, «Արեգա» պահածոների գործարան, հայտնում է «Գյուղատնտեսական ասոցիացիանների ֆեդերացիայի» մամլո ծառայությունը:
ՀՀ դեսպանության, մասնավորապես` ՀՀ լիազոր դեսպան Արա Հակոբյանի միջամտությամբ և անմիջական մասնակցությամբ, կազմակերպվել են հանդիպումներ մի շարք հնդկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, հանդիպում է կայացել FICCI ՝ «Հնդկաստանի առևտրականների և արդյունաբերողների պալատ» կազմակերպության հետ, որտեղ ներկայացվել են ՀՀ գյուղմթերք վերամշակող կազմակերպությունները, արտադրվող արտադրանքի տեսականին և համային առանձնահատկությունները, բաժանվել են բուկլետներ, բրոշյուրներ, ամսագրեր: Հանդիպմանը մասնակցել են FICCI անդամագրված շուրջ 10 կազմակերպություններ, որոնք զբաղվում են վերամշակվող գյուղատնտեսական մթերքների առք ու վաճառով:
Հանդիպում տեղի ունեցավ նաև INDIA-CIS՝ «Հնդկաստան-ԱՊՀ առևտրի արդյունաբերական պալատ»-ի գլխավոր քարտուղարի հետ, ում նույնպես ներկայացվել է ՀՀ-ից տարված գյուղատնտեսական մթերքների տեսականին և կազմակերպվել համտես: Հանիպում է կազմակերպվել նաև APEDA – Վերամշակվող գյուղատնտեսական մթերքների և արտադրանքի ներմուծման զարգացման կազմակերպության հետ:
Այժմ 4 կազմակերպությունների հետ` JAYPEE Group, CAS Pvt. Ltd, HARISH PAL, SALSONS Impex Private Limited, քննարկվում են համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ինչպես նաև ՀՀ-ում վերամշակված արտադրանքը Հնդկաստանում ներկայացնելու ծրագրերը: Պատվիրակությունը վերադարձել է հուլիսի 17-ին, քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են: Ենթադրվում է փոխշահավետ համագործակցություն հնդկական կողմի հետ:





