Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեզ համար ունի տնտեսական, քաղաքական և սոցիալական լուրջ բովանդակություն: Այս 3 տարիների ընթացքում մենք ձեռնարկել ենք միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը նաև նպատակ ունի ստեղծել Հայաստանում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների գործում:
Մի կողմից` մենք պետք է հստակ պատկերացնենք այն ռազմավարությունը, որն ընկած է լինելու մեր քաղաքականության ներքո և այդ ռազմավարությունը պետք է անպայման ձեզ հետ համաձայնեցված լինի, հասկանալի: Մյուս կողմից` այդ ռազմավարությունն իրականացնելու ընթացքում մենք պետք է կարողանանք օպերատիվ հարցեր քննարկել ձեզ հետ: Համագործակցության այսպիսի ձևաչափեր` խորհուրդներ, մենք ունենք մի քանի ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես-միջավայրի բարելավման և այլն, և այսպիսի ձևաչափերն իրենց արդարացնում են:
Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը հաստատել է իր աշխատակարգը և կառուցվածքը, ապա խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամներին:
Այնուհետև խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի քանի մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ` համապատասխան գերատեսչությունների կողմից:
Նախատեսվում է հիմնել խորհրդի կայքէջը և էլեկտրոնային հասցեն, որի միջոցով շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով:





