AM
27 Հուլիս 2011 - 13:07 AMT

ՀՀ սփյուռքի նախարարությունում ընդունել են իրաքահայ մի խումբ մանկավարժների

Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունել է իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանին, Բաղդադի Ազգային մանկապարտեզի տնօրեն Անահիտ Թուրաբյանին և մի խումբ իրաքահայ ուսուցիչների, ովքեր գտնվում են Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը կարևորել է իրաքահայ ուսուցիչների մասնակցությունը սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի հայ համայնքի կրթական, մշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Ս.Պետրոսյանը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Իրաքի հայ համայնքի հիմնախնդիրներին և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում դրանց լուծման նպատակով: Նա նաև ընդգծել է Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման կարևորությունը` նշելով այդ ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող քայլերը:

Անդրադառնալով երիտասարդության դերակատարությանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում` Ս.Պետրոսյանն նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին այս տարի առաջին անգամ մասնակցում է տասնմեկ իրաքահայ երիտասարդ, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: