AM
28 Հուլիս 2011 - 11:52 AMT

2015 թ-ը հոգեբանական շեմ կլինի Թուրքիայի համար, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ 2015 թվականը, այսինքն Հայոց ցեղասպանության 100-ամյակը, կրիտիկական կետ կլինի Թուրքիայի համար: Ինչպես հայտնեց թուրքագետը լրագրողների հետ զրույցում, 100-ամյակի շեմը վախեցնում է թուրքերին, այնինչ 2016-ին և հետագայում էլ հայերի ընկալումը չի փոխվի:

Թուրքագետը կարծում է նաև, որ 2015-ը դժվար կլինի ԱՄՆ-ի համար, որովհետև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անելիքների պաշար է պետք, ինչպես Իրաքից զորքերը դուրս բերելու գործում, Բեն Լադենի սպանության, ինչպես նաև Եղեռնի մասին «հաշվետվություն» տալու համար:

Շաքարյանի կարծիքով այսօր հայ-թուրքական հարաբերությունները սառած վիճակում են, բայց 2013թ-ի ընտրությունների ժամանակ կակտիվանան:

Շաքարյանը նաև հավելեց, որ Թուրքիայի քաղաքացիները տառապում են «սևրաֆոբիայով»՝ վախենալով, որ վաղ թե ուշ հայերն ու քրդերը կմասնատեն Թուրքիան: Այն հատկապես սրվեց 1940-ականներին, երբ Ստալինը ծրագրում էր խորհրդային զորքերը մտցնել Արևմտյան Հայաստան: