AM
1 Օգոստոս 2011 - 09:07 AMT

Հայաստանում ոչ մի կերպ գումար չեն կարողանում գտնել Արցախյան հիմնախնդրի մասին ֆիլմի համար

Նախօրեին Facebook սոցիալական ցանցում լայն քննարկման առարկա դարձավ կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի «Թեկուզ» ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության հարցը: Ֆիլմ, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությունն առանց խեղաթյուրումների միջազգային հանրությանը հասցնելը: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այն, թե ինչով է ավարտվել կինոռեժիսորի այդ նախաձեռնությունը, կարող է միայն ապշանք առաջացնել:

Նախատեսվում էր «Թեկուզ» ֆիլմի նկարահանումները սկսել հունիսին: Ըստ Աթասյանի` դրա մասին տեղյակ էին և՛ նախագահական նստավայրում, և՛ Ազգային կինոկենտրոնում, և՛ մշակույթի նախարարությունում: Ազգային կինոկենտրոնի տնօրինությունից և մշակույթի նախարարությունից խոստացել էին, որ մշակույթի նախարարը կառավարության նիստի ժամանակ պետք է բարձրացներ ֆիլմի ֆինանսավորման հարցը, որպեսզի պահեստային ֆոնդից գումար տրամադրվեր: Ըստ Ազգային կինոկենտրոնի եզրակացության` ֆիլմը պետք է շտապ նկարահանվեր:

Գագիկ Աթասյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մշակույթի նախարարությունից ստացված նամակի մասին, որում նշված է եղել ֆիլմին 2012 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալու մասին միայն: Այնուհետև ռեժիսորը հանդիպել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որն ասել է. «Եթե ես ցանկանայի մերժել կամ փակուղի տանել ֆիլմը, ապա կասեի, որ այն նախատեսում ենք քննարկել 2012-ին»:Աթասյանի դիտարկմանն ի պատասխան, թե նախարարն հենց այդպես էլ արել է, Հասմիկ Պողոսյանը զարմացած ասել է` «Վայ էդպես եմ ասել, մոռացել էի»:

Կինոռեժիսորը նաև նշել է, որ ֆիլմին օժանդակելու վերաբերյալ նախագահի կողմից հանձնարարական է իջեցվել մշակույթի նախարարությանը, և շեշտել, որ սեփական աչքերով է տեսել այդ հանձնարարականը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ադրբեջանական քարոզչամեքենային դիմակայելուն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությունը դիտարկում է որպես վտանգավոր և տագնապալի: Դրա վառ ապացույցը կինոռեժիսորի հետ կատարվածն է: Նրանք նշում են, որ կինեմատոգրաֆն աշխարհին ճշմարտությունը մատուցելու ամենաարդյունավետ միջոցներից է: Թշնամին ակտիվորեն օգտագործում է կինոն պատմությունը խեղաթյուրված ձևով ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ, հայաստանյան իրականությունում թշնամու հակահայկական քարոզչությանը դիմակայելուն ուղղված նախագծերն ուղիղ իմաստով ցինիկաբար «ջրվում են»` հեղինակներին ուղարկելով դեպի 2012 թվականի բյուջեի քննարկում: Ըստ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` հենց դա՛ է պատճառը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ աշխարհը հավատում է ադրբեջանական լուտանքներին: