6 ամսվա ընթացքում Երևանում 170 դեպք է գրանցվել, երբ հացի բաղադրության մեջ պահպանված չեն եղել աղի սահմանված չափաբաժինը կամ խոնավության մակարդակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի և մարկետինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը:
«Գրանցվել է նաև 6-7 դեպք, երբ հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին` թել, ասեղ, մետաղի կտոր և այլն»,- ասաց բանախոսը:
Հայթյանը հիշեցրեց, որ մարդու օրգանիզմ վնասակար նյութերի 80 տոկոսը ներթափանցում է սննդի միջոցով, որի մեջ մեծ է հացի չափաբաժինը: Մեկ մարդն օրական օգտագործում է միջինը 400 գրամ հաց, իսկ ասոցիացիայի կատարած հետազոտությունների տվյալներով Երևանում սպառվող հացի 40-50 տոկոսը անորակ է:
Հաց-հացաբուլկեղենի անկախ փորձագետ Անահիտ Վիրաբյանը հավելեց, որ հացի պատրաստման ավանդական տեխնոլոգիաներից անցում է կատարվել նորարարական մեթոդներին: «Թթխմորային եղանակից անցել ենք կարճ ժամանակ պահանջող, ավելի արագ տեխնոլոգիաների: Այս նոր տեխնոլոգիաները պահանջում են բարելավիչներ, որոնք բավական թանկ են: Պետք է իմանալ, թե որ երկրից է ներկրվում բարելավիչը: Ավելի բարձր որակ ունեն եվրոպական բարելավիչները, որոնք հիմնականում ունեն հավաստագրեր»,- ասաց փորձագետը:
Անահիտ Վիրաբյանը նշեց, որ գնորդն իրավունք ունի պահանջելու օգտագործվող բարելավիչի հավաստագիրը: Նա բացառեց բարելավիչների չարաշահման դեպքերը` ասելով, որ դա տնտեսապես շահավետ չէ, քանի որ վերջիններս շատ թանկ են:





