AM
10 Օգոստոս 2011 - 12:16 AMT

Թարմացված. Ծեծել են Վերնիսաժի մասին տեսանյութ նկարահանողներին

Վերնիսաժում տիրող գողական բարքերի վերաբերյալ նախօրեին YouTube-ում տեղադրված տեսանյութի հեղինակները` Վարուժան Սահակյանն ու Լիլիա Մելքոնյանը, այսօր առավոտյան ծեծի են ենթարկվել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վարուժանն ասաց, որ տեսանյութի «հերոսները»` Էրիկը, նրա հղի կինը` Աննան, ինչպես նաև Սաքոն, Հովիկի կինը և այլոք այսօր հարձակվել են իր և իր մոր` Լիլիայի վրա, սկսել են հարվածել ու սպառնալ:

«Իրենք խփում էին, հետո էլ ոստիկանությանն ասում՝ ես, մայրս ու մորաքույրս ենք հարվածել»,- ասաց Վարուժանը: Վերնիսաժի տնօրեն Հարություն Նավասարդյանը ներկա է եղել վիճաբանությանը:

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին Վերնիսաժում տիրող գողական բարքերը բացահայտող տեսանյութեր` «Արդարություն Վերնիսաժում» խորագրով: Հեղինակը` Լիլիան, կատարել էր գաղտնի նկարահանումներ, որտեղ երևում էր, թե ինչպես է Վերնիսաժի ադմինիստրատոր Կարեն Պապիկյանը մի առևտրականի ստիպում ազատել սեղանը մեկ ուրիշին տրամադրելու համար: Նախօրեին Լիլիայի աշխատանքը խոչընդոտող բոլոր վաճառականներին Վերնիսաժի տնօրինությունը տեղափոխել էր մի քանի մետր հեռու, ինչը դժգոհության նոր ալիք էր բարձրացրել: «Մենք չենք հանձնվի և կբողոքենք: Ինչո՞ւ պետք է նա նստի ծառի տակ, հովին և հանգիստ առևտուր անի, իսկ ես` հղի կինս, կանգնեմ արևի տակ»,- բողոքում էր Աննան:

PanARMENIAN.Net ի թղթակիցը հեռախոսով մեկնաբանություն էր վերցրել ոմն մեկից, ով ներկայացել էր որպես Վերնիսաժի տնօրեն Հարություն Նավասարդյան։ Որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը զանգել է խմբագրություն, ներկայացել որպես «իսկական» Հարություն Նավասարդյան, նշել, որ այս թեմայով երբեք հարցազրույց չի տվել և մեկնաբանություններ չի արել։