2004 թ. Կառավարության որոշմամբ տեղափոխման ենթակա 14 շենքերից մեկը` Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքը կանգնած է կորստի վտանգի առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆոտոլրագորղ Հայկ Բիանջյանը վստահություն հայտնեց, որ թեև քաղաքապետարանից ասում են, թե շենքը ապամոնտաժվելու ու տեղափոխվելու է այլ վայր, սակայն իրականում այն ոչնչացվելու է, քանի որ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Շենքի տանիքը քանդված է, պատերը վթարային վիճակում են, իսկ բնակիչների հետ պայմանագիր կնքելուց ու նրանց դուրս բերելուց հետո ստիպել են, որ յուրաքանչյուրն իր բնակավայրի հատվածն ավերի:
«Շատ շենքեր եմ նկարել, որոնք սկզբում համարակալվում էին, հետո ապամոնտաժվում: Եվ շատ հաճախ դա արվում էր ծանր տեխնիկայի միջոցով` Հախնազարյանների շենքը, Ազիզյանցի շենքը և այլն»,- ասաց Հայկ Բիանջյանը` հավելելով, որ եթե քաղաքը շարունակի նույն տեմպերով «զարգանալ», հաջորդ սերունդն էլ 20-25 տարի հետո գուցե քաղաքի տեսքին անհարիր համարի Օպերայի շենքը: Նա հարց է բարձրացնում` ո՞ւր են արդեն իսկ «ապամոնտաժված» շենքերի քարերը:
Ֆոտոլրագրողը հետևյալ համեմատությունն արեց. «Սա նման է նրան, որ եգիպտացիները ապամոնտաժեն, տեղափոխեն բուրգերը և շարունակել պնդել, թե պատմական արժեքն ու նշանակությունը դրանից չի տուժել»:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ դատախազության տրամադրած տվյալների համաձայն, 2000-2006թթ. քանդվել է 29 պատմամշակութային հուշարձան, և գործընթացը շարունակվում է:
«Աֆրիկյանների ակումբի շենքը հանրապետական նշանակության հուշարձան է: Շենքը ոչնչացնելու են, չեն ապամոնտաժելու»,- ասաց Բաղդասարյանը: ՀԿ-ների միջամտության շնորհիվ ապամոնտաժումն առայժմ կասեցված է:
Նա նշեց, որ թեև դեռևս 2004 թվականից կա «Հին Երևան» նախագիծը, որը պետք է լինի Բյուզանգդ-Եզնիկ Կողբացի-Արամի-Աբովյան փողոցներով պարփակված հատվածում, և այնտեղ պետք է վերակառուցվեն բոլոր ապամոնտաժված շենքերը, դրա իրականացման համար ոչինչ չի արվում, քանի որ քաղաքապետարանը չունի հնարավորություն, չկան միջոցներ:
Աֆրիկյանները Երևանի ամենահին տոհմերից են, ունեն լուրջ ներդրում քաղաքի պատմության մեջ: Նրանց ջանքերով է առաջին անգամ խմելու ջուր բերվել Երևան: Ընտանիքը կատարել է բազմաթիվ բարեգործություններ, եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել են գործարաններ և ակտիվ մասնակցել են Երևանի հասարակական կյանքին: Հեղափոխությունից հետո Աֆրիկյանների ողջ ունեցվածքը ազգայնացվել է: Մինչ օրս Երևանի կենտրոնում պահպանվել է 2 շենք` Տերյան 11 հասցեում Աֆրիկյանների ակումբի շենքը, և Պուշկին 38 հասցեում Առաքել Աֆրիկյանի առանձնատունը:





