AM
18 Օգոստոս 2011 - 11:01 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. ՀԱԿ-ը չի ձգտում փոխել ստատուս քվոն իշխանությունների հետ հարաբերություններում

«Հայաստանը դանդաղ շարժվում է դեպի նախընտրական քարոզարշավ, որը կմեկնարկի արդեն սեպտեմբերի կեսին: Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջև հարաբերությունների վատթարացման վերաբերյալ իրարանցումն արդարացված չէ, քանի որ իրականում ՀԱԿ-ը չի ձգտում փոխել ստատուս քվոն իշխանությունների հետ հարաբերություններում»,-լրագրողներին է հայտարարել փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Իրականում և իշխանություններին, և ՀԱԿ-ին ձեռնտու է շարունակել բանակցությունները, քանի որ դրանց էությունը ոչ թե քննարկվող հարցերի մեջ է, այլ բուն գործընթացի»,-ասել է նա: Ըստ Իսկանդարյանի, առաջիկա 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարող է նոր քաղաքական մշակույթ ձևավորվել: «Փոխզիջման հասնելու դեպքում հնարավոր կլինի արձանագրել, որ հայկական քաղաքական վերնախավը անցում է կատարում «սրի» համակարգից, երբ իշխանությունը փոխանցվում էր մեկից մյուսին, «կարկանդակի» համակարգին, որտեղ ամեն մեկն իր բաժինն է ստանում»: Բանակցությունները շարունակելու ևս մեկ խթան է հանդիսանում միջազգային հանրության արձագանքը: «Հայաստանում մեծ դերակատարություն ունեցող միջազգային կազմակերպությունները, ինչպես ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն, դրական են գնահատում գործընթացը»,-հավելել է Իսկանդարյանը:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել:

ՀԱԿ-ը հայտարարում էր բանակցությունները կասեցնելու մասին, սակայն, օգոստոսի 16-ի հերթական հանդիպումից հետո, աշխատանքային խմբերի ղեկավարներ Դավիթ Հարությունյանն ու Լևոն Զուրաբյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին: