Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վախենում է մոռացության մատնվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
«Դուք նկատե՞լ եք որևէ շենքի վրա գրված լինի՝ շենքը կառուցել է Թամանյանը: Բայց գնացեք Հյուսիսային պողոտա ու կտեսնեք` շենքը կառուցել է Նարեկ Սարգսյանը: Այդպես է անում, քանի որ համոզված չի` իրեն կհիշեն, թե ոչ»,- ասաց բանախոսը:
Ֆոտոլրագորղ Հայկ Բիանջյանը, անդրադառնալով հին շերքերի պարբերաբար ավերմանն ու վերացմանը, նշեց, որ Երևանն այլևս պատմություն ունեցող քաղաք չէ, քանի որ ամեն ինչ երևում է համեմատության մեջ. «Ի՞նչ ենք ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկիզբին և ի՞նչ ունենք հիմա: Հիմա կարող ենք ասել, որ Երևանն այլևս պատմություն չունի»:
Նա նշեց, որ Երևանը սկսել են քանդել ԽՍՀՄ տարիներին և դեռ քանդում են: «Խորհրդային մյուս հանրապետություներն էլ են անցել այդ ժամանակաշրջանը, բայց ոչ մի տեղ ճարտարապետությունն այդքան զոհեր չի ունեցել, որքան Հայաստանում: Մեր գենետիկայի մեջ է դրված հինը ավերելը.:
Սեդրակ Բաղդասարյանի կարծիքով, ամեն ինչ սկսվեց, երբ Հանրապետության հրապարակում քանդեցին Լենինի արձանը. «Արձանը հանում էին, թող հանեին: Պատվանդանը ինչո՞ւ քանդեցին»: Նա հավելեց, որ բացի ճարտարապետական արժեք լինելուց պատվանդանն ու մնացյալ հուշարձանները առաջին հերթին հիշողություն են:





