ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Գոհար Հարությունյանը մասնակցել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում տեղի ունեցած Աստղագիտության և տիեզերական ֆիզիկայի գծով Մաքս-Պլանկի միջազգային հետազոտական դպրոցի (IMPRS-HD) կողմից կազմակերպած 6-րդ ամառային դպրոցին` «Արտարեգակնային մոլորակների բնութագրումը` կազմավորումից մինչև մթնոլորտներ» թեմայով:
Դպրոցի նպատակն էր կապ հաստատել ներկայիս դիտումների և տեսության միջև` մոլորակների կազմավորումից և հայտնաբերումից մինչև նրանց մթնոլորտների հետազոտումը և բնակելի միջավայրերի բնութագրումը: Լուսաբանվել են նորագույն արդյունքները, քննարկվել առաջացման տարբեր սցենարները, վերջերս հայտնաբերված «գերերկիրները» և կյանքի հնարավորությունը նրանց վրա: Դպրոցի դասախոսներն էին հանրահայտ գիտնականներ Շվեյցարիայից, Շվեդիայից և Գերմանիայից:
Արտարեգակնային մոլորակների թեման ներկայումս ամենահրատապն է աստղագիտության մեջ, և Բյուրականի աստղադիտարանն այդ ուղղությամբ նոր համագործակցություն է սկսում շվեյցարացի, իսպանացի, պորտուգալացի և ֆրանսիացի գիտնականների հետ: Բյուրականի աստղադիտարանը նույնպես կազմակերպում է միջազգային ամառային դպրոցներ և 2006, 2008 և 2010 թթ. այդ առիթներով հյուրընկալել է տասնյակ ճանաչված դասախոսների և 60-ից ավելի արտասահմանցի ուսանողների` դրանով իսկ հաստատելով իր միջազգային և տարածաշրջանային առաջատար դերը:





