Մարդու իրավունքների պաշտպանը հերքում է ՀՀ վճռաբեկ դատարանի տարածած տեղեկատվությունը, ըստ որի ՄԻՊ-ը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը:
«Ըստ օրենքի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու և դրանց մասին տեղեկատվություն տարածելու փուլում կարգապահական վարույթ դեռևս հարուցված չէ: Հետևաբար, կարգապահական վարույթի ընթացքին առնչվող կանոնների վկայակոչումը պարզապես անհեթեթ է»,- ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի ՄԻՊ-ը հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը, պաշտպանը նշում է, որ հաղորդագրության մեջ հստակ և բառացի նշված է, որ դատավորները «պաշտպանի գնահատմամբ» թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, իսկ այդ հանգամանքների հաստատված համարելն իսկապես մնացել է օրենքով սահմանված մարմնի իրավասությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը»,- հայտարարում է Վճռաբեկ դատարանը, ինչին ՄԻՊ-ը պատասխանում է. «Իրականում դատավորների հեղինակությանը, անկախությանը և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը խոչընդոտում են դատական համակարգի բազմիցս փաստված անկատարությունները, որոնց Պաշտպանն անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ հանրային նման բանավեճերի ու քննարկումների շրջանակում»:
Որպես հետգրություն ՄԻՊ-ը գրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կամ դրա որևէ պալատ վստահաբար չեն քննարկել և օրենքով իրավասու էլ չէին քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Հետևաբար, ՄԻՊ-ը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է:
«Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից» կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:





