Վահրամ Մարգարյանին առաջադրվել է մեղադրանք ապօրինի ռազմամթերք պահելու համար: Հավաստի աղբյուրը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Այժմ մեղադրյալը գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ում:
Վահրամ Մարգարյանին`Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի զինվորի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբորը, օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանները ծեծի ենթարկելով տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին` պայթուցիկ ու նռնակ պահելու կասկածով: Ավելի ուշ տարածված տեղեկատվության համաձայն` նա կասկածվում է օգոստոսի 2-ին Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային կրակոցներով սպանված ՌԴ քաղաքացի Խաչիկ Գալոյանի սպանության գործով: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, փաստաբանին և շտապ օգնության բժշկին ձերբակալումից միայն 4 ժամ անց են թույլատրել տեսակցել նրա հետ: Մարգարյանը գրանցված չէ այն բնակարանում, որտեղից հայտնաբերվել է պայթուցիկը, իսկ խուզարկումը անցել է օրենքի խախտումով, քանի որ ընթերակաները չեն եղել բոլոր սենյակներում և պայթուցիկի հայտնաբերման պահին:





