Երևանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ գործողությունների հստակ ծրագիր: Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հանձնարարելով բոլոր ոլորտների մասով առաջիկա երեք տարիների համար ներկայացնել զարգացման ծրագրեր. “Օրվա խնդիրներին լուծում տալուց բացի, մենք պետք է հստակ պատկերացում կազմենք նաև, թե ինչպես է զարգանալու մեր քաղաքը վաղը”:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակված ծրագրի համաձայն` առաջիկայում բարեկարգ տեսք կստանան նաև ստորգետնյա անցումները: Անցումների բարեկարգման ծրագրի մասով հայտարարված մրցույթներով հավանական ներդրողներին են ներկայացվել պայմանները, համաձայն որոնց կնորոգվեն ու կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն գործարարությամբ զբաղվող քաղաքացիներին:





