Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգում են, որ գիտության և կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: «Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության և կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը, այդ թվում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ՀՀ գիտության և կրթության նախարարությանը մշակել և օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն և կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: Միևնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու և նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով:





