Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին:
«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր: Ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ: Սա ձեր առաջին հաջողությունն է, բայց լավ աշխատելու, կարգապահ լինելու, բարի լինելու դեպքում արդյունքներն անպայման երևալու են»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:
2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի հաղթողներին և Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի մրցանակակիրներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է խրախուսական շնորհակալագրեր: «Կենգուրու-2011» մրցույթի միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում և տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:
Սերժ Սարգսյանը երեխաներին հրաժեշտ տալուց հետո, դուրս է եկել ՀՀ նախագահի նստավայրից և շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին և ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:





