Նոր ուսումական տարվա կապակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Թեհրանի իրանահայ գործարար երիտասարդների RAR ընկերության նախաձեռնությամբ Երևանի երկու տասնյակից ավել դպրոցի, այդ թվում` Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ կրթահամալիրին նվիրաբերել է ընդհանուր առմամբ 40 000 տետր:
«Որոշեցինք ոչ միայն օգնել մեր դպրոցականներին, այլև այս ձեռնարկի օգնությամբ վերադարձնել դպրոցական տետրերի նախկինում ընդունված` դասական ոճը: Այսօր խանութներում հանդիպող ամենատարբեր նկարներով զարդարված տետրերի շապիկները վայել չեն մեր դպրոցներին ու դպրոցականներին: Կարծում եմ` շատ ավելի գևեցիկ և ուսանելի է, երբ տետրի շապիկին ներկայացված է, օրինակ, մաշտոցյան այբուբենը»,- ասել է RAR ընկերության տնօրեն Արին Քարիմյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը խոստացել է N 8 դպրոցին նվիրաբերել հինգ համակարգիչ: «Ուրախալի է, որ իրանահայ երիտասարդ գործարարների խումբը ցանկություն ունի աջակցել մեր դպրոցներին»,- ասել է Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:





