Ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակավել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաև պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը: Նախաքննության շահերից և ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից ելնելով առայժմ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Նախաքննությունը շարունակվում է, առաջիկա օրերին հնարավոր են նաև այլ ձերբակալություններ»,- հայտնել է նա:
ԼՂՀ Պաշտպանության բանակում զինծառայող է մահացել: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, օգոստոսի 26-ին` մոտ 20:30-ին, անգիտակից վիճակում ռազմական հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ. ծնվ.): Հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց Աղասի Աբրահամյանը մահացել է:





