AM
31 Օգոստոս 2011 - 16:00 AMT

Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ

Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ: Ավանդույթ դարձած այս արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացուցիչներ Աժ կրթության մշտական հանձնախմբից, ԿԳՆ աշխատակիցներ և այլք:

Մայր Աթոռից հայտնում են, որ եկեղեցական արարողակարգից հետո Ամենայն Հայոց Հայրապետը օրհնության խոսք է ուղղել ներկաներին և նշել. «Մեծ և պատվական է ձեր կոչումն ու ծառայությունը, ձեզ է վստահված նոր սերնդի կրթությունը, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը, որը բոլորս ուզում եք տեսնել լուսավոր ու պայծառ: Մենք հավատում ենք, որ այս օրհնության արարողությունը պիտի շնորհներ իջեցնի մեր կրթական մշակների վրա: Եվ նրանք ի գործ կդնեն ամենայն ջանք, որպեսզի կրթեն զավակներ, ովքեր կլինեն արժանի քաղաքացիները մեր հայրենիքի»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում և ընդհանրապես հանրային կյանքում, նշել է.« Անկախ պետության աշխարհիկ կրթական համակարգում ևս եկեղեցու դերը շատ կարևոր է, քանի որ կրթության գլխավոր առաքելությունը գիտելիք հաղորդելուն զուգահեռ արժեհամակարգ ձևավորելն է: Այստեղ հայոց եկեղեցին ո՛չ մրցակից ունի, ո՛չ էլ այլընտրանք»: Նախարարությունից տեղեկացնում են, որ ԿԳՆ-ի և Մայր Աթոռի համատեղ կրթական ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես միջին և ավագ դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Նախարարը նշել է, որ այս առարկայի ուսուցիչների վերապատրաստումը կատարվում է եկեղեցու աջակցությամբ :