Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցումներ է հղել ՀՀ Կոտայքի մարզպետին և Ծաղկաձորի քաղաքապետին Կեչառիսի վանական համալիրի տարածքում հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ:
«Ժառանգությունից» գրում են, որ ըստ մշակույթի նախարարության տրամադրած տեղեկատվության, Կեչառիսի վանական համալիրի տարածքում «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն` ներկայացնելով Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից 29.07.2011թ. տրված փաստաթղթեր։
«Այնինչ հանրությանը հայտնի է, որ այդ շինարարությունը սկսվել է Ձեր դիմումից մոտ երկու ամիս առաջ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, բնականաբար Ձեր հովանավորությամբ»,- ասվում է մարզպետին ուղղված նամակում: Պատգամավորը խնդրում է պատասխանել՝ ի՞նչ կապ ունի մարզպետը «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի հետ` փայատե՞ր է, թե` բաժնետեր, և ինչո՞ւ է լիազորությունների սահմաններից դուրս գալով թույլ տվել ապօրինի շինարարություն Կեչառիսի վանական համալիրի վանքապատկան տարածքում` առանց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելու:
Իսկ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին Անահիտ Բախշյանը դիմել է հետևյալ հարցումով. «Լրատվությամբ տեղեկացանք, որ Դուք, Կեչառիսի վանական համալիրի տարածքում հայտնաբերելով ապօրինի շինարարությունը, կառուցապատողին տուգանել եք 400.000 դրամով և չեք դիմել իրավապահ մարմիններին: Խնդրում եմ տրամադրել տուգանքի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը և բացատրել, թե ինչո՞ւ ապօրինության մասին տեղյակ չեք պահել իրավապահ մարմիններին»:





