AM
3 Սեպտեմբեր 2011 - 11:08 AMT

500 տարվա ընդմիջումից հետո Առաքելական եկեղեցին քննարկում է սրբադասման հարցը

Հայ Առաքելական եկեղեցին 500 տարվա ընդմիջումից հետո քննարկում է սրբադասման հարցը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանձնաժողովը քննարկում է Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը: Ընդ որում նշվում է, որ հարցը բնավ քաղաքական աստառ չունի և չպետք է ունենա: Հայ Եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ 20-րդ դարասկզբին ունեցել է Քրիստոսի անվան համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակներ, որոնց սրբադասման հնարավորությունը կազմում է այս հանձնաժողովի քննարկումների առանցքը:

Այսօր Տեր Թովմա քահանա Անդրեասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միանշանակ կողմ է այս քայլին։ «Ուղղափառ եկղեցին, Կաթոլիկ եկեղեցին ունեն նորօրյա սրբեր։ Օրինակ՝ Նեքթարիոս սուրբը։ Իր կատարած հրաշագործությունների շնորհիվ նա ինքնաբերաբար սրբացել էր, և եկեղեցին դա հաստատել է»,- նշեց քահանան։ Նա հավելեց, որ մեզ մոտ էլ կան անձինք, որոնք սրբացման կարիք ունեն։ Որպես օրինակ Տեր Հայրը բերեց Ներսես Աշտարակեցուն, ում շնորհիվ «հայ ժողովուրդը հիմա գոյություն ունի», քանի որ եթե նա չլիներ, Հայաստանի ներկայիս տարածքում չէին լինի հայեր, հետևաբար չէր լինի նաև Հայաստանը։

«Նույնը Կոմիտասը, որի արած գործը հավասար է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կատարած աշխատանքին։ Դա Աստծո գործ էր։ Առանց Աստծո օգնության խազերը վերականգնելը անհնար կլներ»,- ասաց Տեր Թովման։ Նա նշեց, որ սրբերի դասին կարգվելու արժանի են ԽՍՀՄ տարիներին Առաքելական Եկեղեցու գոյությունը պահպանած Գևորգ Չորեքչյանն ու նաև Խրիմյան Հայրիկը։ «Խրիմյան Հայրիկի թաղումը արդեն իսկ վկայում էր նրա սուրբ լինելը, քանի որ թաղման ժամանակ նրա դագաղի վրա հայտնվեց լուսավոր խաչ, որը նրան ուղեկցեց մինչև գերեզման։ Դա վկայություն է` նա սուրբ է»,- ասաց քահանան։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հանձնաժողովի առաջիկա աշխատանքային հանդիպումը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 5-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: