Սեպտեմբերի 8-ին ժամը 01.45-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում մի երիտասարդից գողացել են դրամապանակը: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 31-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, սուպերմարկետում գտնելով դրամապանակ, որի մեջ եղել է 92.000 դրամ, դուրս է եկել սրահից և այն թաքցնելով դրսում` կրկին վերադարձել է խանութ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն։
Մեկ շաբաթ առաջ նմանատիպ գողություն էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետում. Կարեն Ջավահիրյանի դրամապանակը գողացել էին սուպերմարկետի կայանատեղիում կանգնած նրա մեքենայի միջից, որից հետո նա պարզել է, որ սուպերմարկետի տեսախցիկները չեն հսկում ոչ միայն կայանատեղիի տարածքը, այլև սուպերմարկետի ներսում հաճախորդների պայուսակների պահման վայրում: Մի քանի ամիս առաջ դրամապանակ էին գողացել նաև Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող մեկ այլ սուպերմարկետից։





