AM
9 Սեպտեմբեր 2011 - 08:28 AMT

«Չենք լռելու». Պարզվում է՝ ՊՆ-ն ունի «գաղտնի» հասարակական խորհուրդ

Վերջին ժամանակներում բանակում տեղի ունեցած և ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին հասարակություն-բանակ աննախադեպ ճգնաժամի: Գիտակցելով իր պատասխանատվությունն դրա հաղթահարման, ինչպես նաև զինված ուժերում տիրող մթնոլորտի առողջացման հարցում, «Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար Լեհաստանից վերադարձից հետո հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ: «Սակայն երեկ սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Երիտասարդները հետաքրքրվում են՝ որտեղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին, ինչպես կարող է հասարակություն-բանակ կապի համար պատասխանատու օղակը ներկայացված չլինել Facebook-ում, չունենալ սեփական կայքը, ինչպես պետք է հասարակ քաղաքացին` YouTube-ի վրա հույսը դնելու փոխարեն, կապվի այդ խորհրդի հետ, եթե դրա հեռախոսահամարը չկա անգամ «Սփյուռ» տեղեկատվականա ծառայության բազայում. «Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են»:

«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր և հույս հայտնում, որ այս հայտարարությունը ճանաչում կբերի ՊՆ-ին կից հասարակական խորհրդին: