AM
9 Սեպտեմբեր 2011 - 08:58 AMT

Երևանում կկառուցվեն նոր ճանապարհներ, կբացվեն թանգարաններ ու կկանգնեցվեն արձաններ

Թե ինչով է Երևանի քաղաքապետարանը ներկայանալու առաջիկա 2-3 տարիներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Կառուցապատման ծրագրերի շարքում կձևավորվեն Աբովյանի արձանին հարող և Բրազիլիայի հրապարակները, կսկսվի «Հին Երևան» ծրագրի իրականացումը, կկառուցվեն «Նոյ լենդ»-ն ու «Արտ վիլիջ»-ը։ Կբարեկարգվեն Գլխավոր և Հյուսիսային պողոտաները, Աբովյան փողոցը և Հրազգանի կիրճը։ Կվերակառուցվեն կրկեսն ու Կայարանի հրապարակի հարակից տարածքը։

Երևանում առաջիկայում կտեղադրվեն Գարեգին Նժդեհի, Ֆրիդրիխ Նանսենի, Կարեն Դեմիրճյանի, Դերենիկ Դեմիրճյանի արձանները։ «Հոկտեմբերի սկզբին կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը։ Նախատեսվում է նաև կառուցել Հրանտ Մաթևոսյանի թանգարանը»,- ասաց բանախոսը։

Նաև կկառուցվեն մի շարք փողոցներ՝ Տերյանը կմիանա Զաքյանին, Աբովյան փողոցը շատ կարճ միացում կունենա Հյուսիսային պողոտային, Իսակովի պողոտան կմիանա Լենինգրադյան փողոցի հետ, իսկ Ազատության պողոտան՝ Ռուբինյանցի։ Նախատեսվում է նաև վերագործարկել գլխավոր պողոտայի թունելները, Սարյան փողոցը միացնել Սբ. Զորավոր եկեղեցուն և Ղազար Փարպեցի նրբանցքի։

Նարեկ Սարգսյանը նշեց, որ մի շարք ծրագրեր նախատեսվում են նաև արվարձաններում՝ Դավիթաշենի 2-րդ մուտքի կառուցում, Նորագավիթից ելք դեպի Արտաշատի մայրուղի, Շենգավիթում խոշոր այգու բարեկարգում և այլն։ Ճարտարապետի գնահատմամբ՝ նախատեսվող ծրագրերը ծավալային առումով չեն զիջում նախորդ տարիներին կատարված աշխատանքներին։