AM
9 Սեպտեմբեր 2011 - 09:46 AMT

«Հրապարակ» օրաթերթը դեռևս չի ստացել իր դեմ ուղղված հայցն ու դատարանի որոշումը

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի դեմ սկսված դատական գործին։ «Հայաստանյան իրականությունում թերթերի դեմ դատական վեճ բացելը և որպես իբր վնասի հատուցում աստղաբաշխական գումարներ պահանջելը դատապարտման արժանի, բայց արդեն առօրյա երևույթ է: Սակայն դատական ակտով զրկել մամուլի միջոցին խոսքի ազատությունից, պահանջելով հանդես չգալ այս կամ այն թեմայով, նորություն է: Վտանգավորն այն է, որ այս նորությունը շատ արագ կարող է տարածում գտնել»,- ասվում է հայտարարության դեմ։ ՀԿ-ն դատապարտում է ազատ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումները և հայտարարում, որ հայաստանյան թերթերի դեմ ընթացած ու ընթացող դատական գործերը որպես կանոն միտված են ոչ թե հայցվորների պատիվն ու արժանապատվությունը վերականգնելուն, ինչպես հայտարարվում է դատարան դիմողների կողմից, այլ աստղաբաշխական տուգանքներով լրատվության միջոցը ձեռնասուն դարձնելուն կամ իսպառ ոչնչացնելուն:

ՀԿ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրաթերթը միայն հարկադիր կատարողի այցելությունից է տեղեկացել այն մասին, որ ոչ միայն ներքաշված է հերթական դատական քաշքշուկի մեջ, այլև դատարանի որոշմամբ զրկված է խոսքի ազատությունից: Հարկադիր կատարողի ներկայացրած փաստաթղթից պարզվում է, որ դատարանը վճռել է , որ պետք է «հայցագնի`3.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը պատկանող գույքի վրա, ինչպես նաև արգելել «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումը` մինչև գործով վերջնական ակտ կայացնելը»:

«Հրապարակ» օրաթերթի այօսրվա համարում գրված է. «Երեկ ևս «Հրապարակը» չստացավ իր դեմ ուղղված հայցն ու դատարանի որոշումը, որով արգելանք է դրվել գույքի վրա և արգելվել է նշված գործով «տեղեկություններ տարածելը»։ Այժմ տեղյակ ենք միայն, որ ԴԱՀԿ-ն վարույթ է հարուցել քաղաքացի «Միսակ Մարտիրոսյանի դիմումի» հիման վրա։ Նա թերևս դատական դեպարտամենտի ղեկավար է»։