Սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանիին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիայի հետ բարեկամական կապերի խորացումն առանձնահատուկ տեղ է գրավում, նախագահն այդ հանգամանքը պայմանավորել է թե' հայ-ֆրանսիական դարավոր հարաբերություններով, երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով ու Ֆրանսիայում առկա հայկական ստվար համայնքով, և թե' միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերակատարմամբ:
Սերժ Սարգսյանի խոսքով, չափազանց մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան հանդիսանում է Արցախի հիմնախնդրի լուծմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը:
Հանրապետության ղեկավարն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Թիերի Մարիանիին` նրա հայանպաստ գործունեության համար:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարևոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման և առավել ամրապնդման համար:





