Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 11-ին մեկնել է Վայոց Ձորի թեմ և հանդիսապետել Սբ Խաչ վանքի վերաօծման արարողությունը:
Վայոց Ձորի Արենի գյուղի մատույցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորել են թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Սերգեյ Բագրատյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և թեմի բարերարներ: Արենիի բնակիչներն Ամենայն Հայոց կաթողիկոսին ծափողջույններով և աղուհացով են դիմավորել Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: Տերունական աղոթքից հետո եկեղեցու բակում ժողովրդի անունից Նորին Սրբությանը ողջունել է Արենիի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիսյանը: Այնուհետև բարիգալստյան խոսքով հանդես է եկել թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը։
Արենիի ժողովրդին իր օրհնության խոսքն է ուղղել Նորին Սրբությունը` պատգամելով հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին և Հայ Եկեղեցու վարդապետությանը, փարված մնալ հոգևոր արժեքներին և աստվածահաճո կյանքով ապրելով` իրենց նպաստը բերել ազգային կյանքին: Ի գնահատություն բարերարների եկեղեցանվեր ոգու` Վեհափառ Հայրապետի կողմից նրանց են հանձնվել Հայրապետական օրհնության գրեր:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի շքախումբը ուղևորվել է դեպի Ս. Խաչ պատմական վանքը, որն ամբողջովին վերանորոգվել, բարեկարգվել և պարսպապատվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ Վարդան Հայրապետյանի: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ: Գոհություն հայտնելով Աստծուն պատմական տաճարի վերաօծման առիթով` Նորին Սրբությունը ներկայացրել է Խաչվերացի տոնի խորհուրդը, որ սերտորեն առնչվում է Ս. Խաչ վանքի հետ:





