AM
13 Սեպտեմբեր 2011 - 13:22 AMT

Հայաստանի ԶՈՒ-ն Աստրախանում անցած զորավարժություններում ցուցաբերել է 100 տոկոս արդյունավետություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին ներկա է եղել Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության ակտիվ փուլին: Զորավարժությանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Համատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն:

Զորավարժության ակտիվ փուլին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Հնդկաստանի, Սիրիայի, Ալժիրի, Մալազիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին վերադարձել է Հայաստան: