AM
14 Սեպտեմբեր 2011 - 11:51 AMT

Փոխվարչապետը մեկնել է Տավուշի մարզ աշխատանքային այցով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ութ ամսվա հավաքագրումների մակարդակի վրա` հանձնարարելով աշխատել համայնքապետերի հետ եւ հորդորել, որ վերջիններս ավելի հետեւողական աշխատանքներ իրականացնեն համայնքային բյուջեների կատարման, եւ, հատկապես, հողի հարկի մասով ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաեւ Նոյեմբերյանի հիվանդանոցի ֆինանսական վիճակին: Ա. Գեւորգյանը տնօրինությանը հորդորեց միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ եւ ապահովել հաստատության բնականոն գործունեությունը:

Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ս. Վիրաբյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի, համայնքների եւ կապալառու ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին առնչվող հարցեր: Նշվեց, որ Կոթիում ՀՀ կառավարության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային ծրագրի շրջանակում վերականգնված ինքնահոս համակարգի միջոցով հնարավոր է դարձել ոռոգել լրացուցիչ մինչեւ 1100 հա տարածք: ՋՕԸ-ի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգելի դարձած հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները` հաշվի առնելով, որ ոռոգման սեզոնի ընթացքում ջրային աղբյուրների առավելագույն եւ նվազագույն քանակը զգալիորեն տատանվում է: Կարեւորելով հողերի առավելագույն օգտագործման հանգամանքը` համայնքի ղեկավարներին հորդորեցին աշխատել գյուղացիական տնտեսությունների հետ` համաձայնեցված, խնայողաբար եւ հաշվենկատ ջրօգտագործում իրականացնելու համար: Անդրադարձ կատարվեց «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, նշվեց, որ մարզում աշխատանքներն ավարտվում են, կառուցված ջրագծերը շահագործման հանձնելու փուլում են: Փոխվարչապետը կարեւորեց այս ընթացքում ի հայտ եկող թերությունների լիարժեք շտկման հանգամանքը:

Իջեւանից փոխվարչապետը մեկնեց մարզի Լուսաձոր համայնք, որտեղ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինի հետ ներկա գտնվեց «Կոոպերատիվ խոհանոց» արտադրական կոոպերատիվի գործունեության մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Լուսաձորում արտադրական կոոպերատիվի ստեղծման ծրագիրը ձեռնարկել է ՄԱԶԾ-ն, որն իրականություն է դարձել ՀՀ կառավարության եւ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ–ի հետ համագործակցության, Իտալիայի կառավարության ցուցաբերած աջակցության շնորհիվ:

«Կոոպերատիվ խոհանոց»-ում գործում են հացի թխման, պահածոների եւ չրի պատրաստման արտադրամասեր, ինչպես նաեւ մթերային խանութ, սառնարանային տնտեսություն: Հյուրերը ծանոթացան ստեղծված պայմաններին եւ կոոպերատիվի գործունեությանը:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց համատեղ իրականացված ծրագրի արդյունքների առնչությամբ եւ կարեւորեց հեռավոր համայնքներում նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը` նկատելով, որ դրանք բավական արդյունավետ են եւ լուծում են բնակչության զբաղվածության ու կենսամակարդակի բարելավման խնդիրները:

Լուսաձորում ավարտվել են նաեւ երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքները: Սրանով «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ–ն ազդարարում է մարզում երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ավարտի մասին, որը ներառում էր յոթ համայնք: Ներտնտեսային ցանցի վերականգնումը համայնքներին հնարավորություն է տալիս ոռոգումը կազմակերպել ավելի արդյունավետ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: