Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի 2 փորձ կանցկացվի՝ սեպտեմբերի 17-ին և 19-ին, ինչի համար ժամը 14։00-ից 24։00-ը Կենտրոնում կանգ կառնի երթևեկությունը։ Սեպտեմբերի 17-ը շաբաթ է, և խնդիրները համեմատաբար շատ չեն լինի, իսկ արդեն 19-ը երկուշաբթի է, և Երևանի հազարավոր քաղաքացիներ ստիպված կլինեն աշխատանքից հետո տուն գնալ ոտքով։
Անձնական մեքենաներով աշխատանքի գալ նույնպես չի ստացվի, քանի որ 14։00-ից հետո պետք է չլինեն կայանված մեքենաներ։ Հետևաբար՝ առավոտյան կրկնակի կմեծանա հասարակական տրանսպորտից օգտվողների քանակը, ինչը էլ կավելացնի համակարգի ծանրաբեռնվածությունը։ Կառավարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ը ոչ աշխատանքային ճանաչելու հարցը չի քննարկվել և չի էլ քննարկվելու։
Միանշանակ լավ է, որ զորահանդեսին նախապատրաստվում են ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, որ մեկի փոխարեն 2 մեծամասշտաբ փորձ է լինելու, որ ևս մեկ անգամ բոլորին ցույց կտանք մեր բանակի հզորությունը, ուժն ու ամրությունը, սակայն ինչպես միշտ, այս անգամ էլ են մոռացել մտածել հասարակ աշխատավորների մասին։
Սեպտեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14.00-ից 24.00-ը, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի Կենտրոնում՝ Կորյունից մինչև Տիգրան մեծ, Բաղրամյանից մինչև Ալեք Մանուկյան ու Երվանդ Քոչար։ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից խնդրում են բոլոր վարորդներին նշված օրերին ժամը 14.00-ից նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:





