Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկուն: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ադամ Կոբերացկին քննարկեցին ԵԱՀԿ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:
Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Ավելի վաղ Կոբերացկին հայտնել էր, որ ներկայիս բանակցային ձևաչափի` Մինսկի խմբի շրջանակում փոխզիջումային լուծման հասնելու ակնհայտ ներուժ կա: Նրա խոսքով, կարևոր է շարունակել ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա. «Այդ իսկ պատճառով ողջունում եմ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը բանակցություններին աջակցելու գործին»:





