AM
14 Սեպտեմբեր 2011 - 13:43 AMT

«Արմատ»-ը վստահեցնում է, որ պատասխանատու չէ ասուլիսի ժամանակ հնչած աղանդավորական հայտարարությունների համար

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում Արմինե Դավթյանի և Խաչատուր Մարոզյանի արտահայտած կարծիքների համար «Արմատ» մամուլի ակումբը պատասխանատվություն չի կրում, քանի որ մինչ ասուլիսը նրանք միանգամայն հակառակ տեսակետ էին արտահայտել: Ակումբը կազմակերպել էր քննարկում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում տեղ գտած թերացումներն ու բացթողումները, օրենքը որպես հասարակության տարանջատման և հնարավոր բախումների պատճառ և ազգային անվտանգությունը վտանգող գործոն թեմայով։

Ակումբը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը և սոցիալական մանկավարժ Արմինե Դավթյանը ասուլիսից առաջ արտահայտվել էին աղանդավորական կազմակերպություններին դեմ. «Պրն. Մարոզյանը մասնակցել է մեզ մոտ ասուլիսների, և երբևիցե նման հայտարարություններ չի արել, որոնք ինչ-որ ձև կպաշտպանեին աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում»:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արմինե Դավթյանը նշել էր, որ «Եհովայի վկաները» չեն կարող վտանգ ներկայացնել։ Նրանք չեն քարոզում սպանություն և ինքնասպանություն։ Նա նաև ասել է, որ ոչ մի վտանգ չի տեսնում Հայաստանում ակտիվ գործունեություն իրականացնող «Կյանքի խոսք» աղանդի մեջ. «Անձին վնասելու կամ պետականությանը վնասելու տեսանկյուններից որևէ վտանգ չեմ տեսնում»։ Խաչատուր Մարոզյանը նույն ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ անձամբ մի քանի անգամ մասնակցել է «Կյանքի խոսքի» հավաքներին. «Մեր Ավետարանից բացի ոչ մի խոսք չեմ լսել»։