AM
16 Սեպտեմբեր 2011 - 06:31 AMT

Կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է նկարել վանդակի ներսից

Երևանի կենդանաբանական այգու հայտարարած լուսանկարների մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվում է: «Արևորդի» հիմնադրամից հայտնում են, որ լուսանկարները կարելի է ուղարկել մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ: Մրցույթին մասնակցող լուսանկարների ցուցադրությունը կանցկացվի և հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 14-18-ը Երևանում անցկացվող «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում:

Մասնակիցները ազատ են թեմաներ ընտրելու հարցում. լուսանկարները կարող են պատմել մարդ-կենդանի փոխհարաբերության մասին, ներկայացնել այգու կենդանիների բարեկեցությանն առնչվող խնդիրները, կենդանիների բնական գեղեցկությունը և նույնիսկ հումորային իրավիճակներ:

Մրցույթի շրջանակում պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների աշխատանքները կգնահատվեն իրարից անկախ: Նախապես դիմելու դեպքում լուսանկարիչները նաև հնարավորություն կունենան որոշ կենդանիների նկարել վանդակի ներսից: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 լուսանկար: Լավագուն լուսանկարները կցուցադրվեն Կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Ավելին, լուսանկարները կօգտագործվեն այգու հոբելյանական օրացույցում և կհրատարակվեն հատուկ գրքի տեսքով: Լավագույն լուսանկարները (սիրողական և պրոֆեսիոնալ) կպարգևատրվեն 100.000 դրամով: