Բանակը քննադատելիս հաշվի չեն առնվում քրեածին գործոնները, չեն համեմատում քաղաքացիական և զինվորական աշխարհները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայնտեց իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը։
«Պետք է քննադատենք, բայց լինենք հստակ, առարկայական»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ կատարյալ կարգապահություն չկա անգամ ամերիկյան բանակում։
«Պետք է նայենք իրականությանը. եթե քաղաքացիական կյանքում կա հանցագործությունների աճ, նույն ցուցանիշը բանակում չի կարող ձգտել 0-ի»,- նշեց Սերոբյանը։
Իրավագետը շեշտեց, որ անվիճելի են սպայական կազմի թերացումները, սակայն պետք չէ անտեսել նաև հասարակության ու մարդկային հարաբերությունների գործոնները։ Ինչ վերաբերում է դատական գործերի շուրջ բարձրացող աղմուկին, Սերոբյանը նշեց. «Պետք չէ բղավել «Արդար դատավարություն», պետք է հետևողական լինել, լինել պահանջատեր»։
Բանախոսը նշեց, որ պետք չէ պահանջել պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի որ անցյալ տարվա համեմատ բանակում 17.7 տոկոսով նվազել է ընդհանուր դեպքերի թիվը, 18.8 տոկոսով հանցակազմ պարունակող, 30.2 տոկոսով մահվան ելքով և 44.4 տոկոսով ինքնասպանությունների դեպքերը։





