Հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկում է «Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնը: Փառատոնի օրերին` հոկտեմբերի 27-ից 29-ը, մասնակիցներին սպասվում են տպագիր և հեռուստատեսային գովազդի ցուցադրություններ և միջազգային շուկայում ճանաչված առաջատար մասնագետների կողմից իրականացվող վարպետության դասեր:
Փառատոնի մրցութային աշխատանքներն ընդունվելու են սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը: Մրցութային անվանակարգերի և աշխատանքների ներկայացման կարգի մասին տեղեկատվությունը կհրապարակվի փառատոնի կայքում:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս աշխատանքները դատելու է միջազգային ժյուրին: Ժյուրիի նախագահն է Ֆրանկո Մորետին, ով հանդիսանում է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահը և աշխարհի ամենախոշոր և ամենապարգևատրվող գովազդային գործակալությունններից մեկի` «Leo Burnett» (Իտալիա) խմբի գլխավոր կրեատիվ տնօրենը:
Հայաստան գալու իրենց համաձայնությունն արդեն հայտնել են Ալեքսեյ Անդրեևը` «Depot WPF» բրենդինգային գործակալության նախագահը և Ռուսաստանի բրենդինգային ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիսլավ Դերևյաննիխը` «Վոսխոդ» գովազդային ասոցիացիայի արտ-տնօրենը (Ռուսաստան), Վիլլ Ռասթը` Հունգարիայում և Ուկրաինայում «Ogilvy & Mather» ցանցի կրեատիվ տնօրենը: Հարկ է նշել, որ բոլոր այս գործակալություններն իրենց երկրներին բերել են հաղթանակ կամ առնվազն մասնակցություն եզրափակչում աշխարհի ամենահեղինակավոր գովազդային փառատոնում` «Cannes Lions»-ում, որն այս տարի անցկացվեց հունիսի 19-25 Կաննում:
«Popok» գովազդի միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2010թ. հոկտեմբերի 28-ից 30-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնին ներկայացվել էր ավելի քան 450 աշխատանք աշխարհի 12 երկրներից: Վարպետության դասերին մասնակցեցին ավելի քան 350 ունկնդիրներ Հայաստանից և մոտ 50 մասնակիցներ այլ երկրներից: Փառատոնի նպատակն է հայաստանյան գովազդային շուկայի զարգացումը` գովազդի ոլորտում աշխատող մասնագետների և այդ գծով ուսանող երիտասարդների կրթվածության մակարդակի բարձրացման, Հայաստանում արտադրվող գովազդը միջազգային չափանիշներով գնահատման և այն արտասահմանյան գովազդի հետ համեմատման միջոցով:





