«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը ոչ մի լավ բան չի ակնկալում ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունից: Ինչպես հայտնել է վերջինս Երևանում կայացած մամլո ասուլիսում, երկխոսությունը կշարունակվի: «Ողջունում եմ այդ երկխոսությունը, սակայն լուրջ ակնկալիքներ չունեմ»,-ասել է նա: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները երկխոսություն կխաղան այնքան ժամանակ, քանի դեռ դա նրանց ձեռնատու է, «սակայն կգա մի պահ, երբ նրանք մեզ «կքցեն»: Նա նաև նշել է, որ Հայաստանը ճնշման տակ է գտնվում, քանի ու երկրում չկա լեգիտիմ իշխանություն: «Իշխանությունները տարանջատված են ժողովրդից»,-ասել է նա:
Անդրադառնալով ձերբակալված ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանին՝ Միքայելյանն ասել է, որ նրան «քաղբանտարկյալ է համարում»: Ըստ նրա, Առաքելյանը ոչնչով չի տարբերվում այլ քաղբանտարկյալներից: «Ես ազատ Հայաստանի կողմնակից եմ և կպայքարեմ հանուն դրա մինչև սրտիս վերջին զարկը»,-ասել է նա:
ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:





