Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Երևանում իրականացված կանաչապատման աշխատանքաների ծավալներին, քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախապատրաստվել աշնանային ծառատունկին:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 40 հազար ծառ և թուփ, այդ թվում մշտադալարներ, ինչպես նաև ամբողջությամբ կանաչապատել և ոռոգման ցանցով ապահովել Սարալանջի ճանապարհի թեք հատվածները, Եռաբլրի տարածքներն ու Արգավանդի ուղետար կամրջի աջ և ձախ հատվածները:
«Մենք պետք է վստահ լինենք, որ տնկելուց հետո այդ ծառերն անտարբերության չեն մատնվի: Դրա համար էլ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երևանցի տնկի իր ծառը»,- նշել է քաղաքապետն ու նաև առաջարկել, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ծառերն ու թփերը, ըստ անհրաժեշտության, ապահովվեն լուսային ձևավորմամբ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի մուտքերին՝ հատկապես հետևողական լինել օդանավակայանից Երևան մտնող մայրուղու կանաչապատման և բարեկարգման աշխատանքներում:





