«Խոսքի իրավունք» միավորումը բարձրաձայնում է, որ մի խումբ արաբկիրցիներ հույսները կտրել են, քանի որ չգիտեն՝ ում դիմել, որպեսզի չքանդվի 26 մանկապարտեզը: Որոշվել է, որ փոխարենը պետք է հյուրանոց կառուցվի:
«Դե իհարկե, այսօրվա երեխաները, որ վաղը պիտի ասեն «Հայաստանը ես եմ » ոչ ոքի պետք չեն: Պետք են հյուրանոցից ստացված փողերը: Մարդիկ վրդովված են, որ 2005 թ ԱԺ-ի ընդունած օրենքը, որով արգելվում է վաճառել կրթական, դպրոցական և նախադպրոցական կառույցները անտեսված է»,- նշվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ: «Խոսքի իրավունք»-ը միանում է այս արդարացի պահանջին, և կոչ անում մեծահարուստներին քանդելու փոխարեն`կառուցել մանկապարտեզներ: Հատկապես հեռավոր գյուղերում դրա կարիքը մեծ է: Իսկ այս պարագայում «Խոսքի իրավունք»-ը պահանջում է ՏԻՄ-ից անհապաղ կասեցնել գործնթացը:
«Մեր համաքաղաքացիները հոգնել են պետական ատյանների կողմից անտեսված լինելուց: Նրանից, որ հասարակ մարդու սովորական ցանկությունը հաշվի չի առնվում, որ փող ունեցողը տրորում և ոտնատակ է անում մնացածի իրավունքները: Փող ունենալու դեպքում կարող ես երեխայի խաղահրապարակի փոխարեն ավտոտնակ կառուցել, քո անճոռնի ու այլանդակ կառույցը չեն քանդի, իսկ օրվա հացին կարոտ մարդու փոքրիկ կրպակը կքանդեն: Դու կարող ես թքաց ունենալ բնապահպանական, ճարտարապետական նոռմերի վրա: Եթե պատվիրես, քեզ համար առանձին Սահմանադրություն էլ կգրեն: Իսկ մնացյալ քաղաքացիները ֆեյսբուքից բացի էլ հարթակ գրեթե չունեն, որպեսզի հասցնեն իրենց զայրույթը»,- ասվում է հաղորդագրության մեջ:





