Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է չինական «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության պատվիրակության հետ և քննարկել «Անվտանգ քաղաք» հայեցակարգի հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետկապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետը կարևորելով «Անվտանգ քաղաք» համակարգի ներդրումը` նշել է, որ ժամանակակից ինովացիաների պայմաններում, այն ուղղակի անհրաժեշտություն է և հնարավորություն է ստեղծում մի շարք ոլորտներում կառավարումը ավելի արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար:
Քաղաքապետը նաև հավելել է, որ ծրագրի հետ կապված հետաքրքրություն են ցուցաբերել նաև շահագրգիռ գերատեսչությունները:
Չինական կողմը ներկայացնելով «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և աշխատանքային փորձը տարբեր երկրներում` ընդգծել է, որ ընկերությունը առաջատար դիրքեր ունի ծառայությունների մատուցման ոլորտում և մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել այդ ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Անվտանգ քաղաք» հայեցակարգի կառուցվածքը, ժամանակակից կապի միջոցների , ինտեգրացված տեղեկատվական համակարգերի,ինչպես նաև տեսահսկման և տեսանյութերի վերլուծության կենտրոնների ներդրման բաղկացուցիչները: «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային նախագահ Վան-Քսյանն էլ, նշելով, որ ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության փորձն արդեն առկա է, ողջունել է քաղաքապետարանի նախաձեռնությունը և նշել, որ պատրաստ են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագիր: Կողմերի միջև ձեռք է բերվել հայեցակարգի մշակման և համակարգի ներդրման աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն:
Հայեցակարգը Երևանում ներդնելու մասին համաձայնագիր ստորագրվել էր դեռևս հուլիս ամսին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:
«Հուավեյ տեխնոլոջիս»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ծառայություներ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի գործունեության ուղղություներից մեկն էլ տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառումն է համայնքային կառավարման ոլորտում:





