AM
27 Սեպտեմբեր 2011 - 08:17 AMT

Մարիոթը մի քանի ժամով բացել էր իր բացօթյա սրճարանի դռները հաշմանդամների համար

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը իր Meeting Point բացօթյա սրճարանում այսօր հյուրընկալել էր «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիայի 20 շահառուներին ու նրանց ծնողներին։ «Սա քաղաքաշինական արգելքներին նվիրված ծրագիր է, որ կարողանանք հաշմանդամներին դուրս բերել հասարակության մեջ։ Ամենակարևորն այն է, որ հաշմանդամները շփվում են հասարակության հետ։ Հաճախ մենք հանիրավի մեղադրում ենք հասարակությանը, սակայն հասարակությունը տեղյակ չի այս խնդիրների մասին»,- ասաց ասոցիացիայի նախագահ Լևոն Ներսիսյանը։

Երեխաներից մեկի մայրը՝ Արաքսյա Ասատրյանը խոսեց այս նախաձեռնության կարևորության մասին՝ նշելով, որ սա երեխաներին տանից դուրս հանելու եզակի առիթ է. «Պետությունը ընդամենը 14700 դրամ թոշակ է տալիս, որը դեղորայքի գինն է։ Դեղորայքին էլ երբեմն չի բավականացնում։ Էլ չեմ խոսում տակդիրների մասին։ Այսպիսի բաների համար գումար չի մնում»։

Մարիոթի մարքեթինգի գծով տնօրեն Զոլտան Կոշանսկին նշեց, որ նախաձեռնությունը «Ծառայելու ոգի» ընդհանուր ծրագրի մի մասն է կազմում։ «Մենք շատ երջանիկ էինք ու պատրաստ համագործակցելու «Աստղիկ» ՀԿ-ի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք բաց են նմանատիպ առաջարկների ու ծրագրերի համար։

«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիան հիմնադրվել է երեխաների ծնողների նախաձեռնությամբ 1998 թվականին։